Կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորությունը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

ՀՀ կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն: Որպես այս շարունակական գործընթացի մաս` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարում» հիմնադրամի աջակցությամբ, իրականացվել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը:

Վերջինի գործընկերներն են Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության գործընթացի հիմնախնդիրները: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանն աջակցելու նպատակով:

Մշակվել է նաև սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը: Վերջինով նախատեսվել է, որ սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը ապահովելու է սնանկության վարույթի հետ կապված գործընթացների  թվայնացումը՝ սկսած սնանկության վարույթի հարուցումից, մինչև սնանկության  գործի ավարտը: Հարթակի միջոցով իրականացվելու են սնանկության վարույթի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ծանուցումները, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրումը:

Վարույթի մասնակիցները հնարավորություն են ունենալու հետևել վարույթի ընթացքին, դատարանն ունենալու է վարույթն էլեկտրոնային եղանակով կառավարելու հնարավորություն. սնանկության կառավարիչների ընտրության և  նշանակման գործընթացը նույնպես կիրականացվի հարթակի միջոցով: Այն հնարավորություն է տալու ստեղծել հատուկ միջավայր, պարտատերերի առցանց ժողովների իրականացման և քվեարկության անցկացման համար:

Սնանկության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը կնպաստի վարույթի մասնակիցների իրավունքների  արագ և արդյունավետ իրացմանը, վարույթի ծախսատարության և տևողության նվազեցմանը, սնանկության կառավարիչների հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Էլեկտրոնային սնանկության համակարգը հանդիսանալու է էլեկտրոնային արդարադատության e-justice համակարգի մի մասը: