Գիտնականները գրանցել են G1 կարգի մագնիսական փոթորիկ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

Առաջիկա օրերին մագնիսոլորտը, հավանաբար, կշարունակի փոթորկված մնալ:

Գիտնականները գրանցել են G1 կարգին դասվող մագնիսական փոթորիկ. անցյալ անգամ նման բան է դիտվել գրեթե մեկ ամիս առաջ, հունիսի 9-ին եւ 10-ին:

G1-ն «ամենաթույլ» կարգի մագնիսական փոթորիկն է, եւ մասնագետներից շատերն այն կարծիքին են, որ դրանք կարող են մարդկանց ինքնազգացողության վրա անդրադառնալ գուցե միայն ինքնաներշնչանքի հետեւանքով: Օրգանիզմի վրա նվազագույն ազդեցություն են գործում նաեւ G2 կարգի «միջին» մագնիսական փոթորիկները: Առավել հզոր փոթորիկները, հատկապես այսօրվա դրությամբ շարունակվող արեգակնային նվազագույն ակտիվության շրջանում, բավականին հազվադեպ են դիտվում:

Ի դեպ, համեմատաբար վերջերս դա, այնուամենայնիվ, տեղի ունեցավ. Երկրի վրա մայիսի 14-ին գրանցվեց 1,5 տարում հզորագույն մագնիսական փոթորիկ, որը փորձագետները դասեցին G3 կարգին, այսինքն՝ «ուժեղ մագնիսական փոթորիկների» դասին: Այդ ժամանակ փորձագետները ընդունեցին, որ օդերեւութաբանական փոփոխությունների հանդեպ զգայուն մարդիկ իսկապես պետք է զգուշություն պահպանեն, ինչպես նաեւ ենթադրեցին, որ երկրամագնիսական փոթորիկները կարող են առաջացնել ռադիոկապի խափանումներ եւ դառնալ հյուսիսափայլի պատճառ: