Վառելիքով ապահովել ենք, բայց ոչ սննդով․ նախկին վարչապետը՝ հանրահավաքի մասնակիցների մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Կովսականից, Դիզմայրիից, Նոր Կարաչինարից պետական պաշտոն չզբաղեցնող մարդիկ իրենց մեքենաներով հարյուրավոր կիլոմետրեր կտրել, եկել ու մասնակցել են հանրահավաքին, ստիպողաբար չեն եկել։ Այդ մասին նա հայտարարել է Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ

«Արցախում ստիպողաբար ոչ մի բան չի լինում, պետական որեւէ կառույց ցույց տվեք, որը հայտարարել է, որ մասնակցեն հանրահավաքին, այդպիսին բան չի եղել։

Այո՛, հիմնական կազմակերպիչը եղել է  «Ազատ հայրենիք» կուսակցությունը․ կարդում եմ՝ գրում են 1000 մարդ էլ չի բերել, այսօր ցույց կտանք՝ քանի՞ շարասյուն է մտել Ստեփանակերտ «Ազատ հայրենիքի» դրոշներով՝ վանկարկելով «Ազա՛տ հայրենիք», «Հայաստան-Արցախ»։

Կոնկրետ այսօր հայտարարում եմ՝ 10 000-ից ավելի մարդ միայն «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված շրջաններից եկել են Ստեփանակերտ։ Ցուցակները կարող ենք տալ, գնաք և հարցնեք, թե ում են ստիպել, որտեղ են ասել՝ աշխատանքից կազատենք։ Կարող է՝ մի փոքր պաշտոնյա կամ բրիգադիր աշխատակիցներին ասել է այդպիսի բան՝ արջի ծառայություն մատուցելու համար, սակայն պետական համակարգը չի մասնակցել այս հանրահավաքին»,-ասել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախկին պետնախարարն անդրադարձել է նաև այն հարցի, թե հանրահավաքի ժամանակ մարդկանց բենզինի կտրոններ են բաժանվել։

«Նախնական երբ պլանավորում էինք, 7000-ի շրջանակում էր, հայտերն այնքան շատ էին, ցանկացողներն այնքան շատ էին, մեքենաներ եթե լինեին, 15 հազարից ավելի շատ մարդ կգար հանրահավաքին։

Ինչ վերաբերում է բենզինի կտրոններին, ապա երբ կազմակերպում են այդպիսի հանրահավաք, պետք է ապահովեն համապատասխան վառելիքով, ոչ բոլորին, քանի որ շատերն իրենց մեքենաներով են եկել, բայց եթե ապահովել ենք ավտոբուսով, վառելիքը պետք է ապահովեինք»,-ասել է Արայիկ Հարությունյանը, ապա հավելել, որ ափսոսում է՝ որ մարդկանց չեն կարողացել սնունդով ապահովել, «թեկուզ փոքր բուտերբրոտով»։