Պատգամավորը 2 փաստարկ է բերել, թե ինչպես Հայաստանի բնակչությունը կարող է դառնալ 5 մլն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

հայկ գևորգյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն անդրադարձել է 2050թ.-ին ՀՀ բնակչության թիվը 5 մլն-ի հասցնելու մասին վարչապետի նախանշած ռազմավարական ծրագրին, դրա շուրջ թերահավատ հայտարարություններին։

«Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն: Արդեն երկրորդ օրն է գումարել-հանել իմացող մի քանի օգտատերեր «հիմնավոր» հակափաստարկներ են բերում, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը չի կարող լինել 5 միլիոն: Հիմա առաջարկում եմ մի կողմ դնել կալկուլյատորները ու ծանոթանալ ընդամենը երկու փաստի հետ:

Փաստ 1. 1948 թվականին, երբ Իսրայելը ստացավ պետության կարգավիճակ, այդ երկրի բնակչությունը 873 հազար էր: 12 տարի անց՝ 1960 թվականին, Իսրայելի բնակչությունն արդեն գերազանցում էր 2 միլիոնը: 1970 թվականին այդ երկրի բնակչությունն արդեն 3 միլիոն էր: 1980 թվականին՝ մոտ 4 միլիոն: 1990 թվականին՝ 5 միլիոն: 2000 թվականին՝ 6.4 միլիոն, 2010 թվականին՝ 7.8 միլիոն… Այսինքն 30 տարում որևէ երկրում բնակչության թիվը կարող է կրկնապտկվել ու եռապատկվել և դա հիմնականում շնորհիվ զանգվածային ներգաղթի: Ընդ որում, դա մի երկիր է, որը շրջապատված է թշնամիներով ու պերմանենտ պատերազմների մեջ է եղել: Եթե դա հնարավոր է որևէ երկրում, ապա հնարավոր է նաև Հայաստանում:

Փաստ 2. 2018 թվականին վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան ժամանողների թիվը 15 հազար 300-ով ավելին է եղել Հայաստանից մեկնողների թվից: Մինչ այդ, մասնավորապես՝ 2017 թվականին, մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թիվը 26 հազար 800-ով, 2016 թվականին՝ 48 հազար 100-ով, 2015 թվականին՝ 43 հազար 400 ով և այլն և այսպես շարունակ:

Կալկուլյատորը ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել», - գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում։