Անցանկալի են Արցախում խժդժությունները, կայունությունը պիտի լինի բարձր մակարդակի․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Արցախ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արցախում՝ հնարավոր լարվածությանը, հայտարարել է, որ Արցախը յուրահատուկ վայր է, ու Արցախում պետք է լինի կայունություն։

«Անցանկալի են Արցախում ցանկացած տիպի խժդժությունները, ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա», - ասել է նա, ապա հավելել, որ որպես ԱԱԾ տնօրեն իր պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքը ու, ընդհանուր առմամբ, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում են այդ սկզբունքով՝ Արցախը պետք է լինի կայուն։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը թե պետք է բացառվի օտարերկրյա ուժերի ներգործությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ ԱԱԾ տնօրենն ասել է, որ առհասարակ օտարերկրյա տարբեր ուժեր փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերին։

«Չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից», - ասել է Վանեցյանը։