Կոնգրեսականները USAID-ին կոչ են արել շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

1

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թիջեյ Կոքսը և Բրեդ Շերմանը դեմոկրատ և հանրապետական գործընկերների կողմից ստորագրված նամակը՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման, ուղարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ USAID-ին։ Այս մասին հաղորդում է Կոքսի պաշտոնական էջը:

Նամակն ուղղված է գործակալության՝ 2019 թվականի վերջին Արցախի սահմաններում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշման դեմ:

«Խոնարհումն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի անխոհեմ պահանջի առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախին, վտանգում է մարդկանց կյանքը, ինչպես նաև խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը»,- ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Իսկ Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust կազմակերպությանը՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր ՄԶԳ-ի ղեկավար Մարկ Գրինը:

«Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել էր Կոքսը: