Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ իր դեմ մահափորձը Ջոն Բոլթոնն է կազմակերպել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «The Grayzone»-ին տված հարցազրույցի ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, որ ապացույցներ ունի, որ 1 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի գործում մասնակցություն ունի նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոն։

«Բոլոր ապացույցներն ունեմ, որպեսզի մեղադրեմ Ջոն Բոլթոնին և նրա նկատմամբ պատմական հետաքննություն պահանջեմ: Նա անհաջողության մատնված հանցագործ է»,- ասել է Մադուրոն, ապա հավելել, որ ԱՄՆ-ի իշխանությունը կշարունակի  անհաջողության մատնվել Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելու իրենց փորձերում:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահին պայթուցիկով լի անօդաչու սարքի օգնությամբ սպանելու փորձը ձեռնարկվել էր 2018-ի օգոստոսի 4-ին Կարակասում, երբ նա ելույթ էր ունենում Բոլիվարյան ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ  կազմակերպված արարողության ժամանակ: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավար կազմի անդամները չէին տուժել:

Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի համար մեղադրել է վենեսուելական և կոլումբիական ծայրահեղ աջերին, ինչպես նաև Կոլումբիայի այն ժամանակվա նախագահ Խուան Մանուել Սանտոսին: Կոլումբիայի ԱԳՆ-ն այս մեղադրանքներն աբսուրդ էր որակել: