ՀՀ-ից բացակայողի հետ ջրանցքի մաքրման պայմանագիր է կնքվել և ստորագրվել․ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

կնքել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր: Դրանով հանձնարարվել է ֆիզիկական անձին մինչև 2017թ. ապրիլի 15-ը կատարել ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ:

Մինչդեռ, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն` նշված ֆիզիկական անձը ՀՀ Զվարթնոց սահմանային անցակետով 2017թ. հունվարի 4-ին մեկնել է հանրապետությունից և վերադարձել 2017թ. մարտի 20-ին՝ Բագրատաշեն սահմանային անցակետով: Այսինքն, 03.03.2017թ. նշված անձը ՀՀ տարածքում չի գտնվել և չէր կարող նշված օրը պայմանագիր կնքել ու ստորագրել, ինչպես նաև չէր կարող 03.03.2017թ.-ից մինչև 20.03.2017թ. կատարել պայմանագրով սահմանված աշխատանքները, ինչը վկայում է, որ 03.03.2017թ. կնքված պայմանագրի տվյալները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ ջրային կոմիտեի նախագահին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news