ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փոխել իր ծրագրերը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու հատուկ գործողության պատճառով և հինգշաբթի երեկոյան կմեկնի այդ երկիր՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին: Այս մասին 24News –ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Ներկա պահին վարչապետ Փաշինյանի ծրագրերը չեն փոխվել, և նա երեկոյան մեկնելու է Ղրղզստան», - ընդգծեց Կարապետյանը:
Ավելի վաղ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի շրջանակներում նախատեսում է հանդիպել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկջոկատայինները սկսեցին Աթամբաևին Կոյ-Տաշ գյուղի իր տանը կալանավորելու գործողությունը: Նախկին նախագահը կասկածվում է կոռուպցիայի մեջ, իսկ ավելի վաղ խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Աթամբաևի կողմնակիցները դիմադրեցին, գործողության ընթացքում սպանվեց 1 սպա, իսկ 52 հատուկջոկատային վիրավորվեց: Պետության նախկին ղեկավարին ձերբակալել չհաջողվեց: Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Աթամբաևը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տալով ուժայիններին: Նախկին նախագահը հայտարարել է, որ ծրագրում է իր համախոհներին Բիշքեկում հավաքի դուրս բերել: