4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ․ «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված իրեր են գտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

ՔԿՀ

2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ «Արթիկ» ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող զանգված, 8 առանձին փաթեթներով դեղնավուն փոշենման զանգված, 4 ներարկիչ, 3 մկրատ, 1 ծակող գործիք և 1 մետաղական ձողի կտոր:

Այս մասին հայտնում են  դատախազության մամուլի ծառայությունից:

Խուզարկությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դսևորելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում՝ նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող մարզի դատախազության դատախազի միջնորդությամբ դատարանից ստացված խուզարկություն կատարելու որոշումների հիման վրա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազության կողմից քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել էր, որ շարունակվում են քրեակատարողական հիմնարկի տարածք արգելված առարկաներ ապօրինի ներթափանցման, դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից դրանք ձեռք բերելու, օգտագործելու և շրջանառելու դեպքերը, որոնք կատարվում էին ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության դրսևորելու պատճառով: 

Մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտաբերված նմանատիպ փաստերի կապակցությամբ դատախազների կողմից հարուցվել էին 6 քրեական գործեր, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի, 5-ը՝ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 8-ին իրականացված խուզարկության արդյունքներով ևս, որոնք վկայում են անգամ քրեադատավարական գործըթնացների հարուցման պայմաններում ՔԿՀ տարածքում ապօրինի առարկաների, իրերի շարունակվող շրջանառման և օգտագործման մասին, քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին: