Միացյալ Թագավորությունը չի վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան․ Փաստարկ-հակափաստարկ՝ ԱՆ-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

istanbul-convention

Հայաստանի արդարադատության նախարարությունը Ստամբուլյան կոնվենցիայի մասին շրջանառվող մեկ փաստարկին երկու հակափաստարկ է ներկայացրել։

Փաստարկ և հակափաստարկ՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ

Փաստարկ. Առանձին եվրոպական երկրներ այդպես էլ չեն վավերացնում այդ Կոնվենցիան (օրինակ՝ Միացյալ Թագավորությունը): Հենց ԵՄ կառույցներն են տարակուսանքի մեջ ու հարկադրված դիմել են Արդարադատության դատարան:

Հակափաստարկ N 1. Հիմնական պատճառը, որը դանդաղեցնում է ՄԹ կողմից Կոնվենցիայի վավերացումը, համապատասխանությունն է կոնվենցիայի 44-րդ հոդվածին (Արտատարածքային իրավազորությունը-Extraterritory Jurisdiction), ինչը նշանակում է, որ ամբողջ Թագավորության տարածքներում օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օրենսդրական դաշտ:

ՄԹ մի շարք ոլորտներում արդեն իսկ ունի համապատասխան միասնական իրավական կարգավորումներ, նաև այնպիսի հանցագործությունների տեսակների համար, որոնք նախատեսված են Կոնվենցիայով (հարկադիր ամուսնություն, ամլացում, ստերջացում և այլն), սակայն որոշ ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության որոշ տեսակները, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունները, դեռ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու: Միաժամանակ, իրավասությունների վերաբերյալ Կառավարության քաղաքականության համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկումն ու դատավճռի կայացումն իրականացնում է ՄԹ այն առանձին պետության քրեական դատարանը, որի տարածքում իրականացվել է հանցանքը: Ուստի, այս առումով ևս հսկայական աշխատանք պետք է իրականացվի՝ 44-րդ հոդվածը լիարժեք կիրարկելու համար :  

Այլ կերպ ասած՝ ՄԹ օրինակում չվավերցման պատճառը Թագավորության և դրա բոլոր տարածքներում ազգային օրենսդրության համապատասխանեցման բարդ խնդիրն է, որի բարդությունը պայմանավորված է նաև այն բազմաթիվ փոքր կղզիների և Բրիտանական 14 անդրծովյան տարածքների առկայության փաստից, որոնք չունեն ինքնավարություն և գտնվում են ՄԹ իրավազորության տակ, այսինքն՝ Կոնվենցիայի իմաստով համարվում են ՄԹ: Բացի այս, ավանդական հասարակության և պահպանողականության հանգամանքներին հղում կատարողներն առնվազն պետք է նաև հրապարակեն փաստերը, որ ՄԹ-ում օրենքով արտոնված են միասեռ ամուսնությունները դեռևս 2014 թ-ից, իսկ Որդեգրման և երեխաների մասին ակտի համաձայն միասեռ ամուսինները կարող են երեխա որդեգրել դեռևս 2002թ-ից:

Հակափաստարկ N 2. 2017 թվականի հունիսի 13-ին ԵՄ Հանձնաժողովը ԵՄ անունից ստորագրել է կոնվենցիան՝ հիմք ընդունելով Խորհրդի 2017 թվականի մայիսին ընդունված երկու որոշումները, որոնցից մեկը վերաբերել է փախստականների ու նրանց չվերադարձելիության հարցերին, իսկ մյուսը՝ քրեական գործերով դատական համագործակցության հարցերին:

2019 թվականի ապրիլին Եվրոպական պառլամենտում հարց է բարձրացվել , թե արդյոք իրավական հիմքերի տեսանկյունից Խորհրդի երկու որոշումներ պետք է դրվեն կոնվենցիային միանալու հարցի հիմքում և ոչ թե` մեկը: Ուստի, ԵՄ պառլամենտը դիմել է Արդարադատության դատարան և խնդրել Դատարանին մեկնաբանել իրավական անորոշությունը, թե արդյո՞ք Կոնվենցիային միանալը (accession) համապատասխանում է ԵՄ հիմնական համաձայնագրերին այն տեսակետից, որ արդյոք չի առաջացնում իրավական հիմքի ընտրության հարց՝ Խորհրդի երկու որոշմամբ Կոնվենցիայի ստորագրման (signing) և ամփոփման/վավերացման (conclusion) առումով:

Ավելին, ԵՄ խորհրդարանի կողմից հաստատված նույն փաստաթղթում, տեքստի գործառնական մասում (ոչ նախաբանի) հղում է կատարվում ԵՄ խորհրդարանի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի ընդլայնված բանաձևին , որում խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամներին միանալ Կոնվենցիային՝ առանց սահմանափակումների և ձգձգումների:  

Այլ կերպ ասած՝ ԵՄ պառլամենտը դատարան է դիմել բացառապես իրավական ընթացակարգային հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news