Ոստիկանությունը բացահայտել է Արաքսավան համայնքի ղեկավարի պաշտոնավարման չարաշահումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։

Մինչդեռ նշված ժամանակահատվածում համայնքի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել 6 միլիոն 115 հազար դրամից ավելի գումար, որից 3 միլիոն 223 հազար դրամը յուրացվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։