Մադրիդյան սկզբունքների պարագայում չի հաջողվի իրականացնել «Արցախը ՀՀ-ն է ու վերջ» գաղափարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 9, 24News

Ara Hakobyan

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրներ Արա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ունեցած ելույթը՝ մինչև 2050 թ. ՀՀ զարգացման տեսլականի հետ կապված, համարում է հետաքրքիր, քանի որ դա վարչապետի՝ պետության զարգացման տեսլական է: Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ առաջին անգամ է, որ վարչապետ Փաշինյանն իր ելույթում այդքան շատ թիվ ներկայացրեց:

«Բայց 30 տարվա կտրվածքով թիվ ներկայացնելը բավականաչափ ապահով բան է, որովհետև եթե դա չես հիմնավորում ենթածրագրերով, ժամանակացույցերով, հանգրվանային արդյունքներով, ապա կարելի ասել թիվ, հետո այդ թվի չիրականացման պատասխանատվությունն արդեն լինի քեզնից դուրս: Չնայած վարչապետն ասաց, որ հետագայում լինելու են ծրագրեր, որոնք հիմնավորելու են այս արդյունքները, բայց առ այս պահը որևէ հիմնավոր կամ համոզիչ դրույթներ չկան»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ունեցած ելույթի մեջ Արա Հակոբյանն առանձնացրեց այն «Արցախը Հայաստան է և վերջ» միտքը՝ նկատելով, որ սա վերադարձ է «միացում» թեզին: Հակոբյանի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ բանակցային սեղանից պետք է վերացվեն Մադրիդյան սկզբունքները:

«Մադրիդյան սկզբունքների պարագայում չի հաջողվի իրականացնել «Արցախը ՀՀ-ն է ու վերջ» գաղափարը: Եթե վարչապետն Արցախ ասելով՝ հասկանում է Լեռնային Ղարաբաղ, ապա թող ճշտում անի, քանի որ մենք, Արցախ ասելով, հասկանում են հայրենիքի այն հատվածները, որոնք Արցախի Սահմանադրությամբ համարվում են Արցախի տարածքներ»,- ընդգծեց Արա Հակոբյանը:

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, անդրադարձավ հեղափոխության՝ Արցախ արտահանման թեզին: Ըստ նրա՝ նման գործելաոճն իր մեջ վտանգներ է պարունակում:

«Ի՞նչ է նշանակում առաջնագծից 20-30 կմ խորքում հայտարարություն անել հեղափոխության արտահանման մասին: Սա մեր ռազմավարական թիկունքն է, որտեղ տարբեր տեսակի հեղափոխական գործընթացները սպառնալիք են մեր անվտանգությանը»,- նշեց Գասպարյանը:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե հայկական բանակը պետք է դառնա 20 ամենամարտունակ բանակներից մեկը՝ նա ասաց, որ տարբեր տեսակի հաշվարկներ կան, թե որ բանակներն են հզոր:

«Այդ թվերը հիմնված են քանակական հաշվարկի վրա՝ բնակչության, պահեստազորի, զորակոչային ռեսուրսի թվի և այլն: Մենք խնդիրը դնում ենք զուտ մեխանիկական իմաստով ինչ-որ սանդղակի հասնելո՞ւ, թե՞ իրոք մեր բանակի իրական մարտունակությունը բարձրացնելու վրա: Շատ կարևոր է ճիշտ շեշտադրումեր անել, շատ կարևոր է հասկանալ, թե մենք մեր բանակից ինչ սպասումներ ունենք, մեր անվտանգային խնդիրների լուծման ինչ ակնկալիքներ ունենք: Հաջորդը հետախուզության մասին էր: Նման կարգի հայտարարություններով չեն դրվում անվտանգային համակարգի ճիշտ ուղենիշերը»,- շարունակեց Գասպարյանը:

Նա չի կարծում, որ ՀՀ-ում գոյություն ունի ինստիտուցիոնալ կաթված, թեև գիտակցում է, որ կան ինստիտուտներ, որոնք լիարժեք չեն աշխատում:

«Պատերազմի մեջ գտնվող երկրում վարչապետի կողմից հայտարարություն է արվում, որ երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, իսկ հակառակորդն ամեն ինչին ուշադիր հետևում է: Իհարկե, կան խնդիրներ կառավարման համակարգում, բայց մերկապարանոց հայտարարությունները ինստիտուցիոնալ կաթվածի վերաբերյալ, չափազանցված է»,- եզրափակեց Արա Գասպարյանը: