Դավիթ Սանասարյանը բաց նամակ է գրել դատախազությանը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

դատ

Դավիթ Սանասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված գլխավոր դատախազությանը։ Բաց նամակը՝ ստորև.

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ի կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2017 թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները:

Հարգելի՛ դատախազություն, Ձեր՝ 26.04.2019 թ․-ի «Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ» վերնագրով մամլո հաղորդագրությունը փաստեց, որ ՊՎԾ ուսումնասիրությունը տեղին է եղել և ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կա։ Սակայն մինչ օրս գործի արդյունքը չի երևում, ավելին՝ ՍԳԼ ԲԿ-ն կրկին խախտում է օրենսդրի և կառավարության սահմանած պահանջները։

19.06.2019 թ․-ին «Վ» ընկերության կողմից բողոքարկվել է թվով 7 ընթացակարգեր, որի պահանջն է եղել արգելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ին ընդունել որոշումներ, կնքել պայմանագրեր և պարտավորեցնել պատվիրատուին չկայացած հայտարարել տվյալ ընթացակարգերը, որը 18.07.2019 թ․ ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից կայացվել է որոշում «Վ» ՍՊԸ ներկայացրած բողոքը բավարարել և

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » հայտարարած թվով 7 ընթացակարգերով մրցույթները հայտարարել չկայացած։

Հարգելի՛ գործընկերներ, եթե վերոնշյալ ընկերության կողմից չբողոքարկվեր տվյալ ընթացակարգերի անցկացումը (ի դեպ, բողոքարկող «Վ» ՍՊԸ-ն չի մասնակցել վերոնշյալ մրցույթներին), վստահեցնում եմ, որ վերջիններս կիրականացվեր խախտումներով, չնայած, համոզված եմ, որ ՊՎԾ-ն կարձագանքներ խախտումներին։ Այնուամենայիվ, քանի դեռ նախորդ գործի իրավական լուծումը չի տրվել, քանի դեռ պատասխանատուները չեն պատժվել, խախտումներով ընթացակարգերը շարունակվելու են։

Հասկանալի է ձեր բազմազբաղությունը, բայց նաև հույս ունեմ, որ դրան զուգընթաց առաջիկայում նախաքննությունը կավարտվի, և կտեսնենք վերոհիշյալ գործի իրավական հանգուցալուծումը։

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան»։