Լրջագույն ավանդ եք ունեցել հակամարտության խաղաղ կարգավորման գործում․Փաշինյանը՝ Կազիմիրովին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին ծննդյան 90-ամյակի առթիվ։

«Հարգելի՛ Վլադիմիր Նիկոլայի, ընդունե՛ք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ: 

Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին: Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում: 

Հարգելի՛ Վլադիմիր Նիկոլայի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»: