Պատրաստ եմ հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ատենախոսության մեջ արտատպումների առկայության մասին հայտարարություններին, չի բացառել, որ եղել են խնդիրներ ու հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։

«Ցավոք, մեր երկրում չկա կարգ այն մասին, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կամ այլ մարմին կարող է հետադարձ ուժով զրկել անձին գիտական աստիճանից։ Բայց այստեղ էականն այն է, որ ոչ միայն այդ գործընթացը հնարավոր չէ, այլև ես ինքս եմ եմ դրա մասին խոսել, ԲՈԿ-ի նախագահին ասել՝ քանի որ նախկինում եղել է անորոշ իրավիճակ, մարդիկ հազարավոր ատենախոսություն են պաշտպանել զրոյական գիտական արժեքով, չեն դրվել հստակ պահանջներ, պետք է կարգ մշակել, որի համաձայն նախկին ատենախոսները, համարելով եղած օրինաչափությունները սխալ, սեփական կամքով հրաժարվեն իրենց գիտական աստիճանից։ Սա ինձ համար միակ լուծումն է», - հայտարարել էՀայրապետյանը՝ ընդգծելով, որ ինքը պատրաստ է հրաժարվել գիտական աստիճանից։

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։

Դա էր հաստատել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը։ Սմբատ Գոգյանը՝ վերահաստատելով, որ ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր։