Սահմանին ինժեներական աշխատանքների կատարման շնորհիվ ունենք զգալի ձեռքբերումներ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են:

Այս մասին այսօր Մեծամորում լրագրողներին հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը. «Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսինքն՝ մենք բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծվում են»:

Փոխնախարարի ասելով՝ հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։ Բալայանը երեկ է եղել Վայոց Ձորի Խաչիկ, Արենի գյուղերի շրջանում բանակային կորպուսում և իր հավաստմամբ՝ իրավիճակը «բավականին հանգիստ» է եղել. «Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը հայկական Զինված ուժերի կողմից միանգամայն վերահսկելի է։ Այս փուլում համեմատաբար հանգիստ է»։