ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքներին, հայտարարել է, որ եղածը պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Այդ մասին հայտնում է armenpress.am-ը։
«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,- ասել է Տոնոյանը:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանել է, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:
«Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- նշել է Տոնոյանը, ապա հեցելել, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակին, ապա նշել, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հարցի վերաբերյալ հստակ պատասխան տալ:
«Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- ասել է նախարարը, ապա կոչ արել Ադրբեջանի զինված ուժերին դադարեցնել ապատեղեկատվության տարածումը։