Թող Բաղրամյան 26-ում տեղ հատկացնեն, գնանք այնտեղ անենք փորձերը․ Հեքեքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 29, 24News

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը շարունակում են ահազանգել Արամի 23 հուշարձան–շենքի փլուզման մասին։ Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, երգչախմբի սաները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին շենքի վերակառուցման պահանջով։

Արամի 23-ի հարևանությամբ տեղի ունեցող էլիտար շինարարությունն օրեցօր ավելի է խարխլում պատմական շինության հիմքերը։ Տիգրան Հեքեյանի խոսքով՝ իրենց առաջին ահազանգի օրվանից՝ օգոստոսի 13-ից, անցել է մեկուկես ամիս։ Հեքեքյանը դիմել է բոլոր պատկան կառույցներին։

«Գալիս-գնում են, բայց գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում, մեկ-մեկ թվում է, թե ձև են տալիս, իբր, զբաղվում են հարցով»,- 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավարը։

Հեքեքյանը նշեց, որ երգչախմբի փորձերն անցկացնում են՝ որտեղ պատահի։ 

«Մենք այս վիճակում հայտնվել ենք 2007-ին, հիշում եմ՝ ԱԺ նախագահը թույլ տվեց, որ փորձերն անցկացնենք ոսկեզօծ դահլիճում, գիշերը՝ ավտոմատներով, մեզ ուղեկցում էին․․․ Երգում էինք։ Երևի այդպես պետք է անել՝ Բաղրամյան 26-ում տեղ հատկացնեն, գնանք փորձենք, մինչև դանդաղ փրկեն այս շենքի ճակատագիրը»,- ասաց նա։

Հեքեյանի կարծիքով՝ պատմամշակութային հուշարձանների պահպանման մասին համապատասխան օրենքը պետք է խստացնել, քրեական գործ հարուցել ու բոլորին «նստեցնել»։  

Նա վստահեցնում է, որ ներկա իշխանությունները չեն կարողանում նախորդի մնացուկների դեմ պայքարել։