Ով ծանոթ-բարեկամով եղել է ԱԺ-ում ու ոչինչ չի արել, չի շարունակի ձևական աշխատել. Կոստանյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

1

Ազգային ժողովից մի քանի հարյուր աշխատակից չի հեռացվել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը՝ արձագանքելով վերջին օրերին ԱԺ-ում կրճատումների վերաբերյալ հրապարակումներին:

Ազգային ժողովի խորհուրդն ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նոր կանոնադրություն է ընդունել: Հիմա, ըստ Կոստանյանի, համաձայն այդ կանոնադրության, վերաձևավորվում է աշխատակազմը:

«Այն մարդիկ, որոնք աշխատել են, նրանց մի մասը վերանշանակվում է, իսկ մյուս մասը պետք է մրցույթի մասնակցի: Այն պարագայում, եթե իրենք բարեհաջող կանցնեն մրցույթը, կշարունակեն աշխատանքը, իսկ մարդիկ, որոնք ծանոթ-բարեկամներով, առանց որակավորումներ ունենալու եղել են Ազգային ժողովում, ոչինչ չեն արել և հարկատուների հաշվին աշխատավարձ են ստացել, իրենք այլևս չեն շարունակի իրենց ձևական աշխատանքն ԱԺ-ում»,-ասել է Կոստանյանը:

ԱԺ նախագահի օգնականը պարզաբանել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր չեն վերանշանակվել պաշտոնների, առաջարկվել է մասնակցել մրցույթի:

Շրջանառվում է նաև, որ կրճատումների վերաբերյալ թեժ խոսակցությունների ընթացքում ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Կոստանյանը սակայն նշեց, որ աշխատակազմի ղեկավարի սենյակում նման դեպք տեղի չի ունեցել։

«Այն, որ աշխատակցի ինքնազգացողություն է վատացել, և նա տեղափոխվել է հիվանդանոց, դա ճիշտ է: Բայց նա այն աշխատակիցներից մեկն է, որ պետք է վերանշանակվի», -ասեց ԱԺ նախագահի օգնականն ու տեղեկացրեց, որ տվյալ աշխատակցի վիճակն արդեն լավ է:

Մերի Մարտիրոսյան