ԱՄՆ-ի հետ չպատերազմելու հանգամանքն է Թուրքիային հետ պահում հարձակվելուց. «The Times»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և դրանից բխող զարգացումներին: Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից՝ չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին:

ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան ձգձգում է հարձակումը Սիրիայի քրդերի վրա՝ փոխարենը փորձելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածության հասնել իր կողմից վերահսկվելիք անվտանգության գոտու չափերի հարցում: Աղբյուրը տեղեկացնում է, որ նախկինում ԱՄՆ-ն նույնպես աջակցել է ներկայում Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորմանը, սակայն այժմ Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին»: «Թուրքիան միայն ՍԱԲ-ին է աջակցում, իսկ ՍԺՈւ-ն դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ նրան ներկայացնելով որպես ՔԲԿ-ի ճյուղավորում:

Թուրքիայի անվտանգությանը տարիներ շարունակ սպառնացող ՔԲԿ-ն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,- ասվում է հոդվածում: Հեղինակը հիշեցնում է նաև մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսը ՍԺՈւ-ից մաքրելու ու այդ շրջանի վերահսկողությունը ՍԱԲ-ին հանձնելու ծրագրի մասին արած հայտարարությունը: «Այս իրավիճակում լուրջ խնդիր է առաջանում, քանի որ Անկարայի՝ ռազմական գործողություն նախաձեռնելու դեպքում ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ իրար դեմ են դուրս գալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը:

Ակտիվ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ Անկարայի հարձակումը ձգձգվում է, բայց դա չի կարող շատ երկար տևել: Էրդողանը ՍԺՈւ-ի՝ Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված լինելը դիտարկում է չեզոքացման ենթակա սպառնալիք: Եվ միայն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չմտնելու հանգամանքն է նրան հետ պահում հարձակվելուց»: