Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ գագաթնաժողովը կանցկացվի այլ ժամանակահատվածում: Իրանցի պաշտոնյան, սակայն, չի հայտնել հստակ ամսաթիվ։

Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ գագաթնաժողովը տեղի կունենա այն ժամանակ, երբ հարմար կլինի բոլոր 3 նախագահների ժամանակացույցին։ Նա նույնպես հետաձգումը պատճառաբանել է տեխնիկական պատճառներով։

Իրանի պետական IRIB լրատվամիջոցն էլ, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ գագաթնաժողովի հետաձգման պատճառն Ադրբեջանի նախագահի վատառողջությունն է։ 

Իրանագետ Արմեն Իսրայելյանը թեմայի շուրջ զրուցել է Ermenihaber.am-ի հետ՝ ասելով.

«Չնայած Կրեմլը գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորում է տեխնիկական պատճառներով, բայց կարելի է ենթադրել, որ գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորված է Ադրբեջանի գործոնով: Ալիևի վատառողջության հարցը թերևս կապված է համատեղ հայտարարության տեքստի հետ, որի շուրջ էլ ըստ ամենայնի ձեռք չի բերվել կոնսենսուս»: