ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի քան 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանի 2 ընկերությունների ներառել իր սև ցուցակում: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 14-ից:
ԱՄՆ իշխանությունը կարծում է՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է իրենց երկրի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության շահերին:
Սև ցուցակում հայտնված այդ հայկական ընկերությունները «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտն (ԵրԿՄԳՀԻ) են:
«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է»,- նշված է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:
ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև ՌԴ Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություն Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից: