Յուրի Խաչատուրովի շահերն այսուհետ դատարանում կպաշտպանի Անահիտ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը, ով փոխարինել է Գրիգոր Բեքմեզյանին: Վերջինս ԱԺ-ի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին այսօր դատական նիստին հայտարարեց Անահիտ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝  իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար:

Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչն ասաց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարություններն ունկնդրի մոտ տպավորություն են թողնում, թե դրանք վերաբերում են Խաչատուրովին և ընդհանրական բնույթ չեն կրում:

Անահիտ Սարգսյանն ասաց.

«Շատ կարևոր եմ համարում նաև նրա ներդրումը: Նա «Անդրանիկ Օզանյան» շքանշան է ստացել հայկական բանակի կայացման, ամրապնդման գործում զգալի ավանդի համար: Ապրիլյան պատերազմի առաջին օրը՝ հենց գիշերը Յուրի Խաչատուրովը 10-15 րոպե հետո գնացել է համապատասխան վայր և մի քանի օր, ըստ տվյալների՝ 20 օր, բունկերից դուրս չի եկել: Այդ պատճառով էլ, ես գտնում եմ, որ նման մարդու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը զրպարտություն է, արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Որևէ խոսքի ազատություն չի կարող լինել հիմք, որ նման անձի վերաբերյալ նման տեղեկություն հրապարակվեն: Սա քննադատություն չէ, սա մեղադրանք է պետական դավաճանության մեջ մի մարդու, ով բացի պետությունն ու հայրենիքը պաշտպանելուց, ուրիշ ոչինչ չի արել»:

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները զրպարտություն չեն, քննադատության սահմաններում են:

Նա նաև դատարանին հայտնեց, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին գրություն է ուղարկել: Նա խնդրել է տեղեկացնել, թե արդյո՞ք քննության առարկա դարձնելու է նաև Յուրի Խաչատուրովի մասնակցությունը ապրիլյան ռազմական գործողություններին։ 

Նա պնդում է, որ կոնկրետ անձի չեն վերաբերում Գրիգորյանի հայտարարությունները:

Նշենք, որ   Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, ապրիլյան պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news