Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) ցուցմունք է տվել․ նա չի ճանաչում ձերբակալվածներին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

շշի

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը  (Շշի Մելոն) ցուցմունք է տվել իր դեմ կատարված մահափորձի գործով։ 24News-ն այս մասին տեղեկացավ նրա պաշտպան Հրանտ Գևորգյանից։ Մանրամասնելով ցուցմունքի տվյալները՝ փաստաբանն ասաց, որ Մանուկյանը վերահաստատել է, որ ինքը մեքենայում չի եղել և չի ճանաչում կալանավորված անձանց։

«Մելիք Մանուկյանն ասաց, որ նախկինում չի ճանաչել այդ մարդկանց, և այդ մարդիկ էլ, ի դեպ, իրեն չեն ճանաչում։ Այստեղ խնդիրը պատվիրատուի հարցն է։ Հնարավոր է նախաքննող մարմնին արդեն հայտնի է՝ ով է պատվիրատուն, բայց տուժող կողմին այդ մասին չի ասվել։ Ոչինչ չգիտենք»,-ասաց նա։

Հրանտ Գևորգյանը նաև նշեց, որ ինքը Քննչական կոմիտե միջնորդություն է ներկայացրել Սևան-Երևան ավտոմայրուղու վրա մեքենայի պայթյունի եռաչափ մոդելավարման սխալների մասին։

«Պայթյունն առաջացել է ոչ թե այն ժամանակ, երբ մեքենան անցել է, այլ երբ հավասարվել է պայթյունի վայրին։ Տեսախցիկներ կան, որոնք ֆիքսել են այդ պահը։ Պայթյունի պահին Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենային ուղեկցող  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի մեքենան ոչ թե «Ռենջ Ռովեր»-ի հետևից է ընթացել, այլ նկատելով պայթյունը՝ թեքվել է ձախ, մինչդեռ եռաչափ պատկերում տպավորություն է, թե պայթյունն ուղղված է եղել «Նիսսան Պատրուլ»-ին»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով այրվել է Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, իսկ Մելիք Մանուկյանը ստացել է տուժողի կարգավիճակ։

Հասմիկ Կիրակոսյան