ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
«Անօրինական ոչինչ չի եղել»,-24News-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ անդրադառնալով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ֆեյսբուքյան էջի՝ «Լոռիում հողերի ու շինությունների մասին բացահայտումները շարունակվում են» վերտառությամբ գրառմանը։
«Իրան ամեն ինչ անօրինական է թվում, էդ իրա գործն ա, յուրաքանչյուր մարդ իր ձևով է մտածում, ես ոչինչ չունեմ ասելու»,-ասաց Սամվել Դարբինյանը և անջատեց հեռախոսը։
Ավելի վաղ գրել էինք, որ Լոռու մարզպետն այսօր Վանաձորի մշակույթի տունը և օժանդակ շինությունները վաճառելու մասին 2004 թվականի փաստաթուղթ էր հրապարակել և գրառում արել:
«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու՝ Տիգրան Պապանյանի փեսան է: Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ:
Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ ենք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով:
Սիրելի՛ լոռեցիներ, մարզում առկա նմանատիպ խնդիրներով զբաղվելու եմ շարունակաբար ու հետևողականորեն: Նմանատիպ բոլոր փաստերը հերթականությամբ ներկայացնելու եմ լոռեցիների դատին, ապա և, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան մարմիններին:
Հ.Գ. Ի դեպ, կից նկարում կարող եք տեսնել նաև այս որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամների անունները»,-գրել էր նա:
Հասմիկ Կիրակոսյան