Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

984903

Օգոստոսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության զարգացմամբ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։

Հանդիպմանն Ավետ Ադոնցը և Կիշան Դան Դևալն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։