Ո՛չ ես, ո՛չ հայրս կապ չունենք Ամուլսարում փորձաքննությունն արած ընկերության հետ․ Սիսեռյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Բնապահպանների ակցիայի մասնակիցների խնդրանքով կառավարության շենք մտնելիս նրանց է մոտեցել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հերքել ակցիայի ժամանակ հնչած այն հայտարարությունը, թե Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած «Earth link & Advanced Resources Development (ELARD)» ընկերությունը, որին պետբյուջեից տրամադրվել է 396 900 ԱՄՆ դոլար անկախ փորձաքննություն իրականացնելու համար, որևէ կապ ունի իր հոր հետ։ Նկատենք, որ Սիսեռայնի հայրը Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է։

«Ինձ մի քանի ամիս առաջ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իմ և իմ հոր անվան հետ կապված։ Ես դա փոխանցել եմ անձամբ Տիգրան Ավինյանին, որ նման թեմա կա։ Նաև փոխանցվել է համապատասխան մարմիններին, որ նման նյութ կա։ Նաև պատրաստվում էի այն ժամանակ խոսել, ես պահելու բան չունեմ։ Բացարձակապես այդ տեղեկությունը իրականության հետ աղերս չունի։

Հիմա մտածում եմ՝ արդյոք կարո՞ղ եմ դատի տալ։ Իմ հայրը տարիներով Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել, բայց այդ ընկերության հետ կապը անպատկերացնելի է։ Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞», - ասել է Վարագ Սիսեռյանը։

Ցուցարարները դժգոհել են, թե նման մանր խնդրով փորձ է արվում շեղել խնդիրը իրենց պահանջներից, և հայտարարել են, որ այդ մասին հայտարարած «Բաբկեն Հարությունյան անունով անձը «Բնապահպանական ճակատ»-ի հետ որևէ կապ չունի»։

«Բնապահպանական ճակատի անունից Վարագ Սիսեռյանին վերաբերող հայտարարություն չի եղել, սա ուզում եմ հստակ լինի», -հայտարարել է ակտիվիստ Աննա Շահնազարյանը։