Հետաքրքիր համակեցություն է՝ լինել Ուրուգվայի քաղաքացի և մնալ հայ․ Սինանյանը՝ Նովոային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: «Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստան-սփյուռք հարաբերություններում տարվող աշխատանքները: «Սփյուռքը լուրջ դերակատարություն ունի հայրենիքի կյանքում, և պետությունն էլ իր հերթին մեծ կարևորություն է տալիս հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդմանը:

Ուրուգվայում ևս ապրում են մեծաթիվ հայեր, և մեր պետությունների միջև առկա են բարեկամական կապեր: Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծեց հայերի դերն Ուրուգվայում, նշեց՝ իրենց տվյալներով՝ այժմ 20 հազար հայ է ապրում այնտեղ:

«Հայերն Ուրուգվայում նպաստում են հասարակության զարգացմանը, պահպանում են ինքնությունը, դա է վկայում հայկական դպրոցների ու եկեղեցիների առկայությունը: Հետաքրքիր համակեցություն է՝ լինել Ուրուգվայի քաղաքացի և մնալ հայ, պահպանել ինքնությունը»,-նշեց պարոն նախարարը: Նա առանձնացրեց հայ համայնքի այնպիսի հայտնի ներկայացուցիչների անուններ, ինչպիսիք են Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, հայտնի մարզիչ Սերխիո Մարգարյանը: Ուրուգվայը համեմատաբար փոքրաթիվ սփյուռք ունի՝ մոտ կես միլիոն:

Նախարարին հատկապես հետաքրքրում էր Հայաստանի փորձը սփյուռքի հետ աշխատանքներում, որը կարող է օգտակար լինել նաև Ուրուգվայի համար: Ըստ Նովոայի՝ այս ոլորտում համագործակցության խորացմանը նպաստելու է նաև Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսության բացումը:  Զարեհ Սինանյանը շեշտեց՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է սերտ համագործակցության և փորձի փոխանակման համար: Այնուհետև կողմերը անդրադարձան հայկական սփյուռքի աշխարհագրական տարածվածությանը և բազմազանությանը, հայրենադարձության հնարավորություններին, Հայաստան-Ուրուգվայ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի ներգրավմանը»,-ասված է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: