Ինչո՞ւ են ազատվել պետապարատում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող վարչապետի խորհրդականները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ աշխատանքից ազատվել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյանն ու Արսեն Գասպարյանը, ՀՀ վարչապետի օգնական Մհեր Սահակյանը։

Պատճառների մասին տեղեկություն ստանալու համար 24News-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։

«Տեղեկություն չունեմ, փորձեմ ճշտել։ Մի երկու ժամից զանգահարեք», - ասաց վարչապետի մամուլի խոսնակը։

Նշենք, որ աշխատանքից ազատված գլխավոր խորհրդականներից Արամ Ղարիբյանը 2008-2011 թվականներին աշխատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավոր խորհրդական, 2011-2018 թվականներին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական, իսկ 2018 թվականի հունիսի 8-ից նշանակվել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Աշխատանքից ազատված մյուս պաշտոնյան՝ Արսեն Գասպարյանը ևս պետական կառավարման երկարամյա փորձ ուներ։ 1991-1996 թվականներին աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում։ 1992–1997-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ժամանակ ՀՀ պատվիրակության անդամ է եղել, 1996-1998-ին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ, 1998-1999-ին՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ։ 2018-ի հուլիսի 30-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։