Ուզբեկստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

default (6)

Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանն օգոստոսի 14-ին (նստավայրը՝ Երեւան) իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովին (Abdulaziz Komilov):

Հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Գրիգորյանի եւ նախարար Քամիլովի առանձնազրույցը, որին ներկա էին նաեւ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Ռավշանբեկ Ալիմովը (Ravshanbek Alimov), մամուլի ծառայության ղեկավար Ադիլբեկ Քայիփբերգենովը (Adilbek Kaipbergenov) եւ ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության բաժնի վարիչ Ջահանգիր Ամինովը (Jahangir Aminov):

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Քամիլովը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ մշտապես առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Արամ Գրիգորյանը նշեց, որ հայ-ուզբեկական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ եւ վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ եւ համատեղ ջանքերով նպաստելու հայ-ուզբեկական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց երկու երկրների հարաբերություններում Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը։ Դեսպան Գրիգորյանը եւ նախարար Քամիլովը անդրադարձան նաեւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությանն ու ապակենտրոնացված համագործակցության կարեւորությանը։