Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գնդապետ Գրիգորի Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 15, 24News

.

ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին

Գրիգորի Սահակյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում 27 տարի ծառայելուց հետո որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին:

Տարիների ընթացքում ձեռք բերած փորձս մտադիր եմ ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում և կառավարման ոլորտում:

Այսպիսով` սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Ինձ համար բարձրագույն արժեքներ են մարդը, արժանապատվությունն ու իրավունքը, ուստի, իմ նախընտրական ծրագրի հիմքում արդարության գաղափարն է:

Ստեփանակերտը բոլորիս երազանքների տունն է, իսկ երազանքներն իրականություն դարձնելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը:

Սիրելի՛ ստեփանակերտցիներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին մաղթում եմ առողջ ու գաղափարական մրցակցություն: Հաջողություն մեզ բոլորիս»: