ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News
«Առավոտ»-ը գրում է
«Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու համար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (և, հուսով եմ, նաև քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երևանում պարբերաբար աղբի սարեր գոյանան: Խնդիրն, իմ կարծիքով, առաջացել է համակարգերի փոփոխության պատճառով, որի մասին արդեն առիթ էի ունեցել գրելու: Հին համակարգը հիմնված էր փողի «սև» շրջանառության վրա, և հնարավոր ճեղքվածքները փակվում էին ստվերային պայմանավորվածություններով: Հիմա ամեն ինչ պետք է բաց և թափանցիկ լինի, և դա, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում խնդիրներ է առաջացնելու...
Բայց, ինչպես և այլ դեպքերում, այստեղ էլ կարևոր է քաղաքացիների գործոնը: Ինչպես հայտնի վեպում ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս: Նման ձևով կարելի է արձանագրել, որ ոչ մի «Սանիթեք» կամ քաղաքապետարանի աղբահավաք հիմնարկ չի ստիպում, որ քաղաքացիներն իրենց աղբը շպրտեն որտեղ պատահի կամ, ավելի վատ՝ ավտոմեքենայի պատուհանից նետեն երթևեկելի մաս: «Սանիթեքի» կամ քաղաքապետարանի աղբամաններն էլ շատ ավելի բարվոք վիճակում կլինեն, եթե մարդիկ այնտեղ շինարարական աղբ չթափեն:
Ընդհանրապես քաղաքապետարանը, այս պահի «ճեղքվածքը» փակելուց հետո, պետք է աղբահանության հարցում համալիր ծրագիր սկսի, որի մասն են կազմելու ոչ միայն աղբամաններն ու աղբատար մեքենաները, այլև աղբավայրը, աղբի մշակումը, աղբի տեսակավորումը և... քաղաքացիների մշակույթը: Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»: Մարդկանց պետք է դաստիարակել, կրթել մանկապարտեզից, մանկամսուրից սկսած: Որպեսզի ժամանակի ընթացքում վերանա աղբը՝ բառիս ուղիղ և փոխաբերական իմաստներով:
...Վարչապետը երեկ հրահանգել է ճանապարհային ոստիկանությանը՝ խստորեն տուգանել ավտոմեքենաներից ծխախոտ շպրտողներին: Տեսնես մեկ տարվա մեջ քանի՞ հոգի է տուգանվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: