«Չի կարելի 40 000 դրամի համար մարդուն փակել»․ ծովակցիները փակել էին Վարդենիսի ճանապարհը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Ծովակ

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով բաց թողնել օգոստոսի 15-ին ձերբակալված անտառագետ Տարոն Խաչատրյանին։ 

24News-ն այս մասին տեղեկացավ Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանից։ Վերջինս նշեց, որ ծովակցիները ճանապարհը փակել են մոտ 40 րոպե, որից հետո բացել են, երբ իրենց հետ հանդիպման է եկել Գեղարքունիքի ոստիկանապետը։

«Անտառագետի եղբոր հետ պայմանավորվեցինք գնալ ոստիկանություն և հասկանալ՝ խնդիրն ինչն է, ինչպես նաև ինչ է պահանջում ժողովուրդը։ Հիմա ամեն ինչ հանգիստ է»,-ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ էին պահանջում ծովակցիները, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Իրենք ասում են, որ էդ մարդուն 40 000 դրամի համար են ձերբակալել, որ էդպես չի կարելի էս դժվար պայմաններում։ Մարդը տնտեսություն ունի, ո՞վ պետք է տիրություն անի»։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ՝ 2019 թ. մայիսի 12-ին Վարդենիսի բնակչից ստացել է կաշառք:

2019 թ. օգոստոսի 15-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news