Ընթանում են Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ-անոց ճանապարհահատվածի շինաշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Լոռու մարզի բնակավայրերով անցնող այս ճանապարհահատվածում կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման վաքերի եւ մետաղական խողովակների տեղադրման, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի կառուցման, երեք կամուրջների մուտքերի եւ ելքերի մաքրման, հենարանների ամրացման, թռիչքային կառուցվածքների վերանորոգման, գաբիոնային պատերի կառուցման եւ այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է։