Արայիկ Հարությունյանն Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է կրթական ոլորտում առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

ԿԳՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն այդ ոլորտին նպատակ ունի  լուծել աշխատաշուկայում առկա խնդիրները՝  հույս հայտնելով, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ կլինի այս ոլորտում` հաշվի առնելով Ճապոնիայի դրական փորձը։

Կողմերը նախանշել են նաև տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները՝ ընդգծելով, որ կրթությունն ու տեխնոլոգիաները մեր օրերում համընթաց պետք է լինեն։

Դեսպան Ջուն Յամադայը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում։ Քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի օրերի և Ճապոնիայում Հայաստանի օրերի անցկացման հնարավորությունը։

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է 2020թ. Տոկիոյում նախատեսված Ամառային օլիմպիական խաղերի մասին` հույս հայտնելով, որ հայկական պատվիրակությունը Տոկիոյում աննախադեպ հաջողություններ կարձանագրի: