Գահերի խաղ՝ Ամուլսարի հանքի հարցում. Փաշինյանի ծանր երկընտրանքը (վերլուծական)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Ամուլսարի հանքի հնարավոր շահագործումն, իրականում, վերջին օրերին դարձել է ոչ միայն լեռնահանքարդյունաբերության հարց, այլև խոր երկընտրանքի առջև է կանգնեցրել հայաստանյան քաղաքական էլիտան։ Գրեթե մեկ տարի տևած փորձաքննությունն ի վերջո եկավ ապացուցելու այն, ինչի մասին հայտնի էր ի սկզբանե։ Միայն դրա համար Փաշինյանի կառավարությունը հարկատուների հաշվին գրեթե կես միլիոն դոլար ծախսեց և ուշ թե շուտ հայտարարելու է Ամուլսարը վերաբացելու անհրաժեշտության մասին։ Այստեղ, սակայն, հարցը շատ առավել խորն է, քան միայն Հայաստանին տրվելիք հնարավոր բնապահպանական ու ֆինանսական վնասի հանգամանքը։

Իրականում կա կատարված իրականություն, որից այն կողմ հնարավոր չէ փախչել։ Ե՛վ Ամուլսարի շահագործումը, և՛ Ամուլսարի կասեցումը կարող են մեր երկրի համար ունենալ նշանակալից բացասական հետևանքներ։ Եթե Փաշինյանի կառավարությունը որոշում է թույլ չտալ հանքի բացումը, ապա դառնում է հստակ, որ պետությունը ներդրող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ սկսում է դատական մի ծանր գործընթաց միջազգային արբիտրաժում, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, պարտվում է աստղաբաշխական գումարներ, և, իհարկե տուժում է Հայաստանի իմիջը՝ իբրև ներդրումների համար անբարենպաստ, պայմանավորվածություններ չպահող ու «քցող» երկիր։ Եթե հանքը շահագործվում է, ապա, որքան էլ որ հակառակն ապացուցեն, այն ունենում է էկոլոգիական հետևանքներ…

Այս ամենը, բնական է, հասկանում են բոլոր նրանք, ովքեր իրապես խորացած են խնդրի էության մեջ։ Սակայն կա մեկ այլ կարևոր, չերևացող հանգամանք, որի մասին հասարակության լայն հատվածներն առանձնապես տեղյակ չեն։ Համացանցում արդեն իսկ շրջանառվում են հանքը վերաբացելու դեմ քարոզչական արշավներ, որի հետևում, ըստ «Լիդիանի» կողմից իրականացված քարոզչության, կանգնած է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն իր փայատիրոջ՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ Թե ինչու է Հայաստանի առաջին հարկատուն դեմ «Լիդիանի» բացմանը, դժվար է ասել։ Այս քարոզչության մեջ նաև ներառված են նախկին իշխանության քարոզչական որոշակի գործիքակազմ ունեցող գործիչներ, որոնք Ամուլսարի բացումից ստանում են երկու կարևոր դիվիդենտ՝ քաղաքական և, հնարավոր է, տնտեսական։ Մյուս կողմից «Լիդիանն» էլ «տակ չի մնում» և իրեն հասու գործիքակազմով գրոհում է հենց այդ ուղղություններով։ Եվ այս երկու հակամարտող կողմերի սլաքները գալիս՝ հասնում են դեպի կառավարություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյան, որը, բնականաբար, կանգնած է ծանր ընտրության առջև։ Նրա ցանկացած որոշում այս կամ այն չափով հարվածելու է իր վարկանիշին, իսկ մնացածներն էլ օգտագործելու են այն է՛լ ավելի ծանր հաված հասցնելու համար։

Բայց պետությունը սովորական կրպակ չէ, ոչ էլ Դամասկոսի «Համիդիե» բազառը, որ հազար ասես ու մեկով առնես։ Այստեղ անհրաժեշտ է քաղաքական որոշում՝ անկախ վարկանիշների տատանումից։ Այս իշխանությունը պետք է կարողանա նախ և առաջ ուժ ցույց տալ ու բացատրել իր որոշման արդարացիությունը՝ անկախ կողքի աղմուկից ու հնարավոր քարոզչական արշավներից։ Եվ արդեն կարևոր չէ՝ որոշումը փակելո՞ւ, թե՞ բացելու օգտին է։ Ինչպես վերևում նշել էինք, երկու դեպքում էլ տուժելու է Հայաստանը։

Սիմոն Կամսարական

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news