Վարչապետն Ամուլսարի հարցով երկուշաբթի կհանդիպի Ջերմուկի ղեկավարի հետ․ Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ չի գնա, բայց երկուշաբթի Երևանում կհանդիպի Ջերմուկի ղեկավարի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների, մանկավարժների հետ քննարկելու համար Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ բավականին ներկայացուցչական խումբ է գալու Երևան քննարկման համար: Դեռևս պարզ չէ՝ վարչապետը հանդիպում կունենա՞ Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմացող ակտվիստների հետ:

Այս պահին Ջերմուկում, ինչպես արդեն նշել ենք, բնապահպանները և հանքի շահագործմանը դեմ բնակիչները՝ ջերմուկցիները, գնդեվազցիները, կեչուտցիները, մեծ հանրահավաք են կազմակերպել։ «Ջերմուկում ջուրը թանկ է ոսկուց, մի՛ աղտոտեք օդն ու ջուրը», «Մենք ուզում ենք առողջ կյանք, ոչ թե հանք» պաստառներով ցոիցարարները դուրս են եկել փողոց՝ իշխանության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով բնապահպանական խնդրի վրա։

Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 16-ին՝ կառավարության վերջին նիստի ժամանակ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել էր Ամուլսարի հանքի  փորձագիտական եզրակացության արդյունքը, որից պարզ է դարձել, որ ընդհանուր առմամաբ այն դրական է:

Նույն օրը կառավարության առջև բողոքի ակցիա անցկացնող բնապահպանները պնդել են՝ եզրակացությանը չեն վստահում, ցանկանում են անձամբ վարչապետի հետ հանդիպել և մանրամասն ներկայացնել խնդիրը: Բնապահպանները վստահ են, որ Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի է, քանի որ դա մի շարք բացասական հետևանքների կարող է հանգեցնել:

Մերի Մարտիրոսյան