Ոստիկանները զինված բախում են կանխել Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները զինված բախում են կանխել մայրաքաղաքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, օգոստոսի 15-ին, «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երկաթուղայինների 1 հասցեում հավաքված են մի խումբ անձինք, որոնց մոտ զենք կա և հնարավոր է լինի զինված բախում:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողներն անմիջապես իրականացրին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Նույն օրը, ժամը 23-ն անց 30-ին, նշված հասցեից զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի և Բյուրեղավանի 13 բնակիչ: Հնարավոր հետագա զարգացումները կանխվեցին: Բյուրեղավանի 34-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նրանց հավաքատեղիից հայտնաբերվեց առանց գործարանային համարի երկու «Մակարով» ատրճանակ, մեկը լիցաքավորված՝ 7, մյուսը՝ 8 փամփուշտով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բյուրեղավանի 34-ամյա բնակիչը ձերբակալված է: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում: