«Սոչի Պալաս» ռեստորանի մոտից 2 դանակահարված երիտասարդներ հիվանդանոց են տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

դանակահարություն

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանւթյան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 29-ամյա Ռոբերտ Անդրանիկյանն է և 28-ամյա Գևորգ Սիմոնյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ինչը բժիշկներին հաջողվեց, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտից։

Արդեն ժամանելով նշված հյուրանոցային համալիր՝ ոստիկաններն ու քննիչները համալիրի հարևանությամբ հայտնաբերել են Hyundai Sonata մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը բախվել է КамАЗ մակնիշի բեռնատարին։

Իրավապահներն ունեն կասկածներ, որ նշված Hyundai-ն կապ ունի դանակահարության հետ։ Իսկ հյուրանոցային համալիրի ներսում հայտնաբերել են պատուհանի կոտրված ապակին, վնասված ինչ-որ իրեր, ինչպես նաև համարներից մեկի՝ հեռակառավարմամբ բացվող վնասված դարպաս։ 

Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբում ներգավված քննիչ Հայկ Սարիբեկյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս