Հրազդանի երկու նոր համայնքներում 1 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Կոտայքի մարզը բացառիկ դեր ունի էներգետիկայի բնագավառում։ Էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբերության ծավալում կազմում է 45 տոկոս։ Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հանրապետությունում արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է Կոտայքում։ Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Հրազդան ՋԷԿ-ին և Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Մարզի Հրազդան և Մարմարիկ գետերի վրա այսօր գործում են 17 ՀԷԿ-եր»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ վերջին 10 տարիների ընթացքում արտադրության ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին՝ 74,9 միլիարդ դրամի։

Մարզպետը նծեց, որ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դարձել է գրավիչ, հատկապես Կոտայքի մարզում առկա արևային բարձր ներուժի և համապատասխան հողատարածությունների առկայությունը առավել նպաստավոր են մարզում նմանատիպ կայաններ կառուցելու համար․ «2018 թվականին Հրազդան համայնքում կառուցվել է 430 ԿՎտ արևային էլեկտրակայանը, իսկ 2019 թվականին նախատեսվում է կառուցել Հրազդանի երկու նոր համայնքում 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ»,- ասաց նա։