Սասուն Միքայելյանը չի հավատում, որ Օգանովսկին ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

 

«Չեմ հավատում, որ Օգանովսկին մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել»։ Այսօր՝ օոգոստոսի 17-ին, Կոտայքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ընդգծելով, որ մարտական ուղի  անցած գեներալը երբևէ նման հրահանգ չի տա։

«Նման բան չի կարա լինի։ Որպես պատերազմ անցած մարդ՝ իրան կյանքում թույլ չէր տա հայի վրա կրակելու հրաման տար»,-ասաց նա։

Հարցին, իսկ եթե նման պահանջ դներ նրա առաջ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, կարո՞ղ էր Օգանովսկին չկատարել այն, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Այո՛, կարող էր․․․ լսե՛ք, հրամանատարը չպետք է պահանջի, որ հային խփեն։ Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալները հրաման տան կրակել ժողովրդի վրա, նրանք, ովքեր իրանց կայնքը դրել են էդ ժողովրդի, զորքերի, պետության համար»։

Դիտարկամանը, թե ամեն դեպքում 2008թ․ մարտի 1-ին Արցախից զորքեր են բերվել Երևան, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ քննություն է ընթանում, և ամեն ինչ հետագայում պարզ կլինի։

«Ես գուշակ չեմ ձեր համար, կարծիք չեմ կարող հայտնել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «BBC» բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակվել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների՝ 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը: 

Նույն օրը 24News-ի հետ զրույցում Օգանովսկին հոդվածը անհեթեթություն էր համարել՝ ընգծելով, որ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրաման չի տվել։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 16-ին «168․am»-ը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին, նշել էր, որ Օգանովսկուն երկուշաբթի ձերբակալելու քաղաքական որոշում է կայացվել։ Հարցի վերաբերյալ 24News-ը կապ էր հաստատել գեներալի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, անջատել էր հեռախոսը՝ այլևս չպատասխանելով մեր հեռախոսազանգերին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news