Ադրբեջանում հայտնված զինվորի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ միջազգային Կարմիր Խաչն աշխատանք է իրականացնում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու համար:

«Ամեն ինչ անելու ենք, որ հնարավորություն լինի նրան վերադարձնելու: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ շփում չունենք: Բոլոր հնարավոր ջանքերը շարունակելու ենք դնել այս խնդրի լուծման համար»: 

Ըստ պատասխանատուի` այս գործողություններին զուգահեռ, այն զորամասում, որտեղ ծառայել է Արայիկը, այս պահին քննություն է անցկացվում:

«Քննությունն ընթանում է, և այն կպարզի շատ ու շատ հարցեր»,–ասել է Արծրուն Հովհաննիսյանը, ապա հավելել, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը:

«Եղբայրը տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել ու ինքը նորմալ ծառայել է, վերջերս էլ իրեն բժշկական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ցույց տալիս, որպես խոշտանգում, բայց դա իրականում բժշկական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը,  մենք  հակված ենք այն փաստին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»,-ասել է ՊՆ խոսնակը:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև սահմանային իրավիճակին՝ տեղեկացնելով, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news