Ոստիկանները հայտնաբերել են տերմինալներ վնասած և գողություններ կատարած երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

Օգոստոսի 15-ին՝ ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանություն զանգահարած տարբեր քաղաքացիներ հայտնում էին, որ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի տերմինալներից մեկը կոտրել են, Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան փողոցի տերմինալներից գողություն են արել, վնասել են Աբովյան փողոցի տերմինալներից մեկը: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն առաջին ահազանգը ստանալուն պես ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ վերջին ահազանգից 10 րոպե անց ոստիկանները Աբովյան փողոցում հայտնաբերեցին մի երիտասարդի, և գողություններ ու գողության փորձեր կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվեց նրա ինքնությունը՝ սարիթաղցի 24-ամյա բնակիչ էր:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: