Ադամին միշտ սպասում եմ․ նա ավելի շատ է ներկա, քան շատ ողջեր․ հերոս Ադամի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է այսօր, նա կդառնար 23 տարեկան։ Եռաբլուրում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր խունկ ծխեցին, իսկ Տեր Զարեհը աղոթք կարդաց առ Աստված։

Լրագրողների հետ զրույցում Ադամի մայրը՝ տիկին Գայանեն, նշեց, որ ինքն ամեն օր է սպասում իր որդուն և համարում է, որ Ադամն ավելի շատ է ներկա, քան շատ ապրողներ։

«Այս տարի Ադամի ծնունդը համընկավ Սուրբ Աստվածածնի տոնի հետ, ինչը մի տեսակ ապացուցեց, որ ապրիլյանի տղաները սրբացած հերոսներ են։ Ընդհանրապես օգոստոսի 19-ի հետ կապված շատ հուշեր ունեմ, բեկումնային իրադարձություններ, բայց ամենամեծ ձեռքբերումս Ադամի ծնունդն էր»,-ասաց նա։

Ադամի մայրը նաև նշեց, որ վաղ առավոտից ծանոթ ու անծանոթ քաղաքացիներից շնորհավորական նամակներ է ստանում, ինչը յուրահատուկ երջանկություն է իր համար։

Ադամի հայրն էլ նշեց, որ որդին գիտակցաբար կյանքը տվել է հանուն 112-րդ դիրքի և հարկ եղած դեպքում ինքն անմիջապես կհասնի նույն դիրքը։

«Հինգ ժամ մյուս տղաների հետ պահել է դիրքը, մինչև վերջին փամփուշտը պայքարել, ինքն էլ դիրքի ավագը և վերջում միայնակ է մնացել։ Վերջին անգամ որ խոսացի հետը, ասաց լավ եմ, ասաց կարող է մի երկու օր էլ չզանգեմ, չգիտեք՝ որտեղ եմ»,-ասաց նա 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news