Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Աշոտյան

Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերին, որում նա խոսել է Ամուլսարի հանքի շահագործման մասին:

Աշոտյանը, մասնավորապես, գրել է.

«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝

1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող Լիդիանի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր նույնպես չեն եղել:
2. Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք արված բնապահպանական փորձաքննությունների արդյունքները հավաստի էին և կեղծված չէին:
3. Փաստորեն այսքան տարի Նիկոլն&Co-ն ձեզ մոլորեցրել են:
4. Փաստորեն, նա չունեցավ բավարար արիություն բառացիորեն խոստովանելու դա, բայց իր ամբողջ եթերը հենց սրա մասին էր:
5. Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը:

Հ.Գ. Սրանից լավ հոտ չի գալիս...»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման համար պայման էր դրվել Լիդիանի առաջ, որ կատարվեն բնապահպանական ապահովության կետերը:

Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

«Ինչպիսին է իրավիճակն այսօր, այսպիսին է. մեկ տարի առաջ առաջադրել ենք պայմաններ: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք, հակառակ դեպքում կստացվի, որ ՀՀ-ն անլուրջ պետություն է: Այս պահին մեր ունեցած տեղեկատվությամբ համոզված եմ 99,9 տոկոսով, մենք պետք է առաջնորդվենք այն պայմանով, որը մեկ տարի առաջ ներկայացրել ենք, որ եթե պարզվի՝ անվտանգ է Սևանի, Ջերմուկի ջրերի համար, մենք թույլ կտանք շահագործվի հանքը՝ հաշվի առնելով ներդրումները, իսկ եթե վտանգ կա,  այլ ճանապարհով կգնանք: Սա հստակ մեր դիրքորոշումն է եղել, և մենք այսօր մեր պայմանը պետք է ապահովենք և բավարարենք»,-ասաց նա:

Վարչապետը նորից ասաց, որ ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա կոչ է անում կառավարությանը հնարավորություն տալ զբաղվել այս հարցով: «Ես 2018 թվականին ասել եմ, որ, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում, ես խնդիրներ ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու առումով, քանի որ այդ գործունեության նպատակը կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ:

Եվ ուրեմն մեր պետության, երկրի շահերից է, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news