Վարչապետի խորհրդականը հեռացվել է ներդրողի հետ ոչ պատշաճ վերաբերմունքի համար. աղբյուր

ԵՐԵՒՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Արսեն Գասպարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այլևս նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն աշխատանքից ազատվել է Եվրոպայից Հայաստան եկած խոշոր ներդրողին ոչ պատշաճ ուշադրություն ցուցաբերելու համար։ Այս մասին 24News-ին հայտնեցին կառավարության աշխատակազմի մեր աղբյուրները։ 

«Եվրոպայից Հայաստան է ժամանում մի խոշոր գործարար, ով հայկական արմատներ ունի։ Վերջինս պատրաստվում է միլիոնների հասնող ներդրում անել և հիմնել նոր բիզնես։ Գործարարն աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կառավարության հետ խորհրդակցելու համար մի քանի անգամ դիմում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին, ով, սակայն, պատշաճ ուշադրության չի արժանացնում ներդրողին և պարբերաբար խուսափում վերջինիս հետ հանդիպումից։ Ներդրումը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին», - պատմեց մեր աղբյուրը։ 

Ըստ մեր զրուցակցի, գործարարը, ով նաև բավական խոշոր ներդրումներ ունի նաև Միացյալ Նահանգներում, մի քանի անգամ Արսեն Գասպարյանի հետ չստացված հանդիպումների փորձից հետո ինչ-ինչ եղանակով կարողանում է արձանագրված անուշադրության մասին պատմել կառավարության ղեկավարին։ Վերջինս էլ՝ իմանալով, որ խոշոր ներդրողի հետ իր խորհրդականն այդպես է վարվել՝ հեռացնում է նրան աշխատանքից։ 

Արսեն Գասպարյանի, ինչպես նաև վարչապետի մեկ այլ գլխավոր խորհրդական՝ Արամ Ղարիբյանը, աշխատանքից ազատվեցին օգոստոսի 15-ին։ Կառավարության լրատվական ծառայությունը  միայն հրապարակել էր նրանց աշխատանքից ազատելու Փաշինյանի որոշումը՝ առանց բերելու որևէ հիմնավորում։ Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հորդորել էր սահմանափակվել եղած տեղեկատվությամբ՝ նշելով, որ այլ մանրամասների ինքը չի տիրապետում։ 

Ինքը՝ Արսեն Գասպարյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում օգոստոսի 19-ին նշել էր, թե ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ 

«Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով»,-ասել է նա:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news