Հրդեհ՝ «Ձյունիկ սառնարան»-ում. մեկնել է 11 մարտական հաշվարկ,Ցոլակյանը դեպքի վայրում է եղել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը գիշերը գտնվել է դեպքի վայրում և անձամբ ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: