ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով հիմնավոր փաստեր ու փաստաթղթեր է պահանջում բնապահպանության նախարարից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Ամուլսար

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը գրավոր հարցմամբ դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է կատարել.

«Այս հարցումն ուղարկեցինք շրջակա միջավայրի նախարարին․

«Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ65 դրական եզրակացության մեջ նշված են մի շարք փորձաքննական պահանջներ, որոնք ենթակա էին պարտադիր կատարման։ Ներկայացնում ենք այդ պահանջներից երեքը․

1) Փորձաքննական պահանջ համար 1․ «Սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը»։

2) Փորձաքննական պահանջ համար 3․ «Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»։

3) Փորձաքննական պահանջ համար 5․ «Հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասներ հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը»։

Խնդրում ենք ներկայացնել այս պահանջների կատարումն ապացուցող հիմնավոր փաստերն ու փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում պարզաբանել, թե ինչպե՞ս է ՀՀ բնապահպանության նախարարությունը հետագա տարիներին տվել նոր դրական եզրակացություններ այս ընկերությանը։

Լրացուցիչ ծախսեր չանելու համար՝ պատասխանը կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոստին՝ [email protected]»: