Բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել ակտիվ քաղաքացիներին․ Աղեկյանի նամակը՝ ԵՄ գրասենյակին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

սոնա աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և իր թիմակիցները ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգող նամակ հանձնեցին Եվրամիության գրասենյակ:

Նամակում նշվում է, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում մարդկանց ազատությունները սահմանափակելու համար` բերման ենթարկելով: Սոնա Աղեկյանը հայտնեց նաև, որ նույնաբովանդակ նամակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հանձնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

«Թիմակիցներս և ես, ստանալով բազմաթիվ բողոք-ահազանգներ, բարձրաձայնում ենք խնդիրները և հանդիպում ոստիկանական պատին: Պարո՛ն Սվիտալսկի, բարձրաձայնում ենք երևանցիների իրավունքների ոտնահարման, աչք ծակող խնդիրների վերաբերյալ և արժանանում ենք հետապնդումների, ապօրինի բերման ենթարկելու օպերացիաների: Փորձում են մեզ ընդգրկել այնպիսի քրեական գործերում, որոնք իրենք էլ ամաչում են բարձրաձայնել: Մենք ունենք իրոք բռնապետական ռեժիմ»,-ասված է նամակում:

Սոնա Աղեկյանը նշեց, որ բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել, ճնշել ակտիվ իրազեկված քաղաքացիներին և իրականում հաստատել դիկտատուրա: Ըստ նրա՝ երեկ Ամուլսարի հանքի բացման դեմ ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների իրավունքները ևս ոտնահարված են կոպտորեն: Նա կոչ արեց բոլորին լինել համարձակ, սիրել Երևանը: